Անտեսանելին  տեսանելիի  մեջ 

        

                                                                     
                                            
(Սրբապատկերներ և մանրանկարներ)
           
     
    Սրբապատկերը  (իկոնա) զարգացման  բարդ  ու  անհարթ  ուղի  է  անցել :  Հանդիսանալով  քրիստոնեական հոգևոր մշակույթ և  գեղարվեստական  մտածողության  արգասիք` այն  զարգացել  է  պաշտամունքի  կանոնին  զուգընթաց`  համապատասխանելով  վարդապետական  և  դավանաբանական  կարևորագույն  ձևակերպումներին: Այդ  ճանապարհին  հստակվել  և  բյուրեղացել  է  նաև  սրբապատկերի  խորհուրդը`   նրա    ընկալման  կերպը: Մեր  Եկեղեցում   սրբապատկերները  առաջին  հերթին  այն  գեղանկարներն  են,  որոնք  զարդարում  են  ս.  Սեղանը,  եկեղեցու  դասի,  տաճարի  և  գավթի  որմերն  ու  սյուները:  Այդ  պատկերների  առջև  է,  որ  մենք  սովորաբար  մոմ  ենք  վառում  և  աղոթում:  Մենք  բոլորս  գրեթե  ամեն  օր  տեսնում  ենք  այդ  պատկերները,  սակայն  մեզանից  քչերն  են,  որ  գիտեն  այդ  պատկերների  իրական  նշանակությունն  ու  կոչվածությունը,  իսկ  շատերի  պատկերացմամբ   դրանք  լոկ  քրիստոնեական  թեմաներով  կատարված  նկարներ  են,  որոնք  իրենց  ներկայաթյամբ  պարզապես  գեղեցկացնում  են  Եկեղեցու  ներքին  տարածքը:  Սակայն  սա  մակերեսային  գիտելիք  է  և  չի  արտահայտում  սրբապատկերի  իրական  դերն  ու  նշանակությունը  Եկեղեցու  խորհրդական  կյանքում:  Եվ  որպեսզի  ճիշտ  ընկալվի  սրբապատկերի  երևույթը,  համառոտ  ներկայցնենք  այն  հիմնականը,  ինչը  պետք  է գիտենա  մեզանից  յուրաքանչյուրը`  Հայ  Առաքելական  Եկեղեցու  ամեն  մի  հավատավոր  զավակ:

                                   
                                                                       Եկեղեցին  և  սրբապատկերը


   
     Սրբապատկերը   և   նրա կիրառությունը  Եկեղեցում  նույնքան  հին  է,  որքան  ինքը  Եկեղեցին:  Ս.  Բարսեղ  Կեսարացու (Դ դար)  վկայությամբ  Հիսուս  Քրիստոսի,  Աստվածամոր  և  սրբերի  պատկերների  գոյությունը  Եկեղեցում  ավանդական  է  և  օրհնված  առաքյալների  կողմից:  Ըստ  Եկեղեցու  սրբազան  ավնդության`  առաջին  սրբապատկերներն  են  Հիսուսի  Դաստառակը  և  Աստվածամոր  պատկերը:  Մեզ  համար  նշանակալից  և  խորհրդանշական  է,  որ  այս  երկու  նվիրական  պատկերները  ժամանակին  պատկանել  են  Հայ  Եկեղեցուն:    Սրբապատկերի   հնությունը  հաստատվում  է   նաև  հնագիտական  պեղումների   արդյունքներով: Պոմպեի  և  Հերկուլանումի  պեղումների  ժամանակ  հայտնաբերվել  են  սրբապատկերներ:  Այդ  քաղաքները  կործանվել  են  79  թվականին,  և  լույս  աշխարհ  եկած  գտածոները  ինքնին  ամրագրում  են  այն  փաստը,  որ  սրբապատկերները  կենցաղավարել  են  Եկեղեցում  դեռևս  առաքելական  ժամանակներից:  Հետագայում  Եկեղեցում  սրբապատկերի  անհրաժեշտությունը,  որպես  քրիստոնյայի  ներքին  աղոթական  վիճակի  և  նրա  բարոյական  նկարագրի  կատարելագործմանը  նպաստող  պայման,  գիտակցել  և  հորդորել  են առաքյալների  գործի  անմիջական  շարունակողները`  Ընդհանրական  Եկեղեցու  սուրբ  հայրերը:  Նրանք  հատուկ  վկայում  են  այն  օգուտի  մասին,  որ  տալիս  են  սրբապատկերները` խրատելով,  հորդորելով,  ուղղելով  և  լուսավորելով  քրիստոնյային:  Սրբապատկերը,  ըստ  Ս. Բարսեղ  Կեսարացու,  ունի  այն  հատկությունը,  որ  պատկերավոր  կերպով  օգնում  է  քարոզչին  լրացնելու  իր  խոսքը` դարձնելով  այն  ավելի  արտահայտիչ  ու  տպավորիչ:  Ս. Հովհաննես  Ոսկեբերանը (Դ դար) եզրակացնում  է,  որ  այդ  պատկերները  քրիստոնյային  հոգևոր  մխիթարություն  են  պարգևում:  Սրբապատկերներն  առաջացնում  են  խանդաղատանքի  արցունքներ:  Օրինակ` Ս. Գրիգոր  Նյուսացին (Դ դար) չէր  կարողանում  առանց  արցունքների  դիտել  Իսահակի  զոհաբերության  պատկերը:  Խիստ  կարևոր  է  սրբապատկերի  խրատական  դերը.  այն  զգաստության,  ապաշխարության  կոչ  է` ուղղված  մեզ:  Այս  առումով  հատկանշական  են  Ս.Գրիգոր  Աստվածաբանի(Դ դար)  նկատառումները  սրբապատկերի  խրատող  և  հորդորող  նշանակության  մասին:  Սուրբ  հայրերը  նշում  են  նաև   սրբապատկերի  ուսուցանող  հատկության  մասին:  Պատկերավոր  լեզվով  և  տեսանելի  կերպով  նա  մեզ  է  փոխանցում  Սուրբ  Գրքի  պատգամներն  ու  պատմությունները: 


                                                                          Մանրանկարչություն


   Հայ ժողովրդի մշակութային ժառանգության մեջ առանձնակի տեղ է գրավում ձեռագիր մատյանների գեղարվեստական հարդարանքը, մասնավորապես` մանրանկարչությունը: Այստեղ է Հայաստանի միջնադարյան գեղանկարչությունը գտել իր ամենավառ արտահայտությունը, այստեղ են արտացոլվել միջնադարի գեղագիտական սկզբունքները և հայ ժողովրդի գեղարվեստական մտածողության բնորոշ գծերը: Բացի դրանից, մատենական գեղանկարչությունն արվեստի այն տեսակն է, որի հուշարձանները, անտարակույս, ավելի լավ են պահպանվել ու հասել մեզ, քան ասենք, որմնանկարչությունը, որ ավելի շատ է տուժել պատմության արհավիրքներից ու ժամանակի քայքայիչ ուժերից:

    Մեզ հասած հայկական միջնադարյան ձեռեգրերի գգալի մասը պահվում է Մաշտոցի անվան Մատենադարանում: Այս մատյաններում հարուստ է ներկայացված մանրանկարչությունը: Հայկական ձեռեգրերի խոշոր հավաքածուներ կան նաև արտասահմանում:

   Միջնադարյան հայ մանրանկարչության նշանակությունը դժվար է գերագնահատել: Այն ոչ միայն հայ ազգային մշակույթի հպարտությունն է, այլև իր արժանի տեղն ունի համաշխարհային արվեստի գանձարանում:


 
   Կայքի բոլոր նկարները պատկանում են հեղինակին: Կրկնօրինակումը և տարածումը առանց  իրավատիրոջ թույլատվության` արգելվում  է :