Աղոթք


1   Աղոթքը երկրից երկինք սանդուղքն է, կյանքից ալեկոծված նավը խաղաղության նավահանգստին կապող պարանը: Աղոթքը կրոնի հոգին է, կյանքը:

  Կրոնն առանց աղոթքի աներևակայելի է, որովհետև կրոնի առարկան նույն Ինքը Աստված է և հոգևոր կյանքը, իսկ աղոթքն անպայման ենթադրում է իր դիմաց աներևուեթ հավիտենական էակին ունենալ, Ով Արարիչն է տիեզերքի և Տերը կյանքի: 

  Հոգևոր կյանքը և աղոթքը նույնն են, ինչպես ընտանեկան կյանքը և սերը: Առանց աղոթքի քրիստոնյան թռչուն է առանց թևի, ձուկ` առանց լողակի: 

Կա աղոթելու երկու ձև` հավաքական և առանձնական: Առանձնական աղոթքը կյանքի նավի` ծովի մեջ մխրճված մասն է, իսկ հավաքականը` ծովից վեր երևացող մասը:

 Աղոթքը ուխտագնացություն է, որով քրիստոնիային հիշեցվում է իր ուխտը Աստծու հետ և կենսավորում նրա հավատքը Աստծու հանդեպ:

  Աղոթքը տեսիլք է, որով մարդ արարածը փառավորում է իր Տիրոջը և ըստ այնմ փորձում է իրագործել իր առաքելությունը:

  Աղոթքը դեպի Աստծու թագավորությունը նետած մի քայլ է: Աղոթքը հավասարության և եղբայրության ինչպես նաև միության խորհրդանիշ է:

Աղոթքը մի վահան է, որով քրիստոնյան պաշտպանվում է չարից և փրկության է առաջնորդվում: Աղոթքը կյանք է և հոգևոր սնունդ: Ճաշակեցեք և տեսեք, որ իսկապես քաղցր է… :

Նյութի աղբյուրներ`<<Միշտ աղոթենք>>աղոթագիրք,                                                                
Հրատարակություն` Թ.Հ.Թ. Քրիստոնեական Դաստիարակության բաժանմունք:

Շնորք Արքեպիսկոպոս Գալուստյան,
Մեծ Պահքի Կիրակիների Ոսկե Շղթան: