Սուրբերին օգնության կանչելու աղոթք
Սուրբ ես, ով Տեր, և սուրբերի մեջ ես հանգչում: Ահա թե ինչու` սուրբ վկաների անունով աղաչում ենք քեզ. Սուրբ Աստվածածնի և բոլոր սուրբերի աղաչանքով` մի զրկիր մեզ քո ողորմությունից, այլ փրկիր մեզ նրանց աղոթքով, որովհետև առատագութ ես, ով Աստված:
Իմաստություն խնդրելու աղոթք
Առավոտյան այս աղոթքը և բանավոր պաշտամունքը ընդունիր, ամենակալ, ամենամեծդ Աստված, քո երկնային անապական խորանների`հարկերի մեջ: Արդարության և իմաստության լույսդ ծագիր մեր վրա, և մեզ լույսի ու ցերեկի որդիներ դարձրու, որպեսզի երբ օրը բացվի`երկյուղածությամբ վարենք մեր կյանքը, և առանց գայթակղության իր կատարմանն հասցնենք,
Խաղաղ կյանք խնդրելու աղոթք
Կյանքի առաջնորդող և խաղաղություն պարգևող մեր Աստվածը, Քրիստոս, դու առաջնորդիր մեզ, որպեսզի քո արդարության ճանապարհներով քայլենք և քո ողորմությամբ` խաղաղությամբ հասնենք կյանքի և փրկության նավահանգիստը. որովհետև դու ես մեր օգնականն ու փրկիչը: Քեզ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Աստծու հովանին խնդրելու աղոթք
Օրհնաբանում ենք քեզ, ով Տեր Աստված մեր փրկիչը, որ միշտ մեզ հետ ես և բնավ չես լքելու նրանց` որոնք հավատքով և ճշմարտությամբ օգնության են կանչում քեզ: Աղաչում և խնդրում ենք, Տեր, ճամբորդակից եղիր ծառաներիդ, քո վերակացությամբ նրանց խաղաղության մեջ պահելով. և դու առաջնորդիր մեզ, մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսին միացածներիս, որպեսզի խաղաղությամբ և խնդությամբ վերստին հասնենք մեր տները: