Լուսաբացի աղոթք

 

1  Շնորհակալություն  ենք հայտնում քեզ, ով Տեր, մեր Աստվածը, որ հանգիստ և խաղաղ քուն պարգևեցիր մեզ, և արթնացնելով` կարելիություն տվիր, որ առավոտ կանուխ երկրպագենք քո ահավոր ու փառավոր և սուրբ անունը: Աղաչում ենք քեզ,  Տե`ր, թույլ տուր, որ խաղաղությամբ անցկացնենք մնացյալ օրը և մեր պանդուխտի ամբողջ կյանքի ընթացքին մեզ քո երկյուղով ամրացրու և պահպանիր,  որպեսզի այս աշխարհում փորձություններից հեռու և անարատ կյանք ապրելուց հետո, մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի շնորհքով և մարդասիրությամբ հավիտենական կյանքիդ անխռով ու խաղաղ նավահանգստին հասնենք: Նրա հետ  քեզ` Հոր և Սուրբ Հոգուն վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
         Խաղաղություն  բոլորին:
         Աստծուն երկրպագենք:
     Բարերար Տեր, քո սիրով նայիր քեզ երկրպագողներիս և սուրբ անունդ փառաբանողներիս: Ամենազոր Տեր, խաղաղեցրու մեզ բոլոր սատանայական խռովություններից և աշխարհից եկող ալիքներից:  Քո խաղաղության  հրեշտակն ուղարկիր մեզ, որպեսզի մեր կողքին լինի և մեզ անխռով պահի օր ու գիշեր, արթուն  լինենք թե հանգստի մեջ: Որպեսզի այս կյանքում քեզ բարեպաշտությամբ  և արժանավոր կերպով ծառայելով, ո~վ  Տեր, հասնենք քո երկնավոր հավիտենական արքայության, որ  սկզբից ի վեր պատրաստեցիր քո սուրբերի (հավատարիմների)  համար. և նրանց հետ միասին շնորհակալությամբ փառավորենք քեզ` Հայր, Որդի և Սուրբ  Հոգի. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
Նյութի աղբյուր`<<Միշտ աղոթենք>> աղոթագիրք,
Հրատարակություն` Թ.Հ.Թ. Քրիստոնեական Դաստիարակության բաժանմունք: