Սբ.Գրիգոր Նարեկացի

1Վա՜յ մեղաւոր հոգուս, որ բարկացրի իմ արարչին.
Վա՜յ կորստեան որդուս, որ կենդանութեան պարգեւը մոռացա.
Վա՜յ պարտապանիս բիւր ու անհամար այնքանքարներին,
Որոնք անկարող եմ հատուցանել.
Վա՜յ ծանր ու դժվար մեղքերի բեռնակրիս,
Որ չեմ կարող հանգստարան վերադառնալ.


Վա՜յ տէրունական մեղքեր գործող յանցաւորիս,
Քանի որ չկայ հնար` հզօրին ներկայանալու.
Վա՜յ եղեգընեայ դիւրավառ նիւթիս,
Որ տոչորուելու եմ գեհենի մէջ.
Վա՜յ ինձ, որ յիշում եմ, թէ`
Աստծոյ բարկութեան նետերն հրեղէն են.
Վա՜յ ինձ յիմարիս, որ չըմբռնեցի,
Թէ ծածուկ գործերն հրապարակուելու են անպայման.
Վա՜յ ամբարիշտիս, որ միշտ անդադրում չարութիւնների ոստայն հիւսեցի.
Վա՜յ ինձ, որ պարարեցի մարմինս իբրեւ կեր անմեռ որդերի,
Ես ինչպէ՞ս պիտի տոկամ թունաւոր այդ կտտողներին.
Վա՜յ ինձ, երբ ըմպեմ բաժակը մահուան,
Եւ ինչպէ՞ս պիտի կրեմ ես տուգանքն յաւիտենական.
Վա՜յ ինձ, երբ ելնի եղկելի մարմնիցս անարժան հոգիս,
Ինչպէ՞ս պիտի ներկայանամ ճշմարիտ դատաւորին.
Վա՜յ ինձ, երբ լապտերիս իւղն սպառուի,
Զի եթէ մարի, էլ չի վառուի նա,
Վա՜յ ինձ պակուցման համար այն ահեղ ու տագնապալից,
Երբ առագաստի մուտքը փակուի.
Վա՜յ ինձ, երբ լսեմ երկնաւոր թագաւորի վճռով կնքուած
Սիրտս դող հանող եւ սարսափելի այս խօսքն ահաւոր,-
"Քեզ չեմ ճանաչում":

Սբ. Գրիգոր Նարեկացի: Հատված <Մատյան ողբերգության>-ից