Ավագ Շաբաթ. Ճրագալույց

 1  Աստված հանգստացավ իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց ժամանակավոր ու ապականության ենթակա աշխարհը, իսկ յոթերորդ օրը` սրբերի հանգիստը: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ ու սրբությամբ: 
Վեցերորդ ժամանակաշրջանում Փրկիչը եկավ կամավորապես չարչարվելու: Այս մեծախորհուրդ Շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում (Մատթ. 27. 57-61): Այս օրը Հիսուսը մարդկանց հոգիների չարչարանքների տունը` դժոխքը, ավերեց և բացեց հանգստյան տունը` Դրախտը: 
   Իսկ յոթերորդ ժամանակաշրջանի հասնելուն պես Տերը կրկին պիտի գա և արդարներին շնորհի աշխարհի սկզբից նրանց համար պատրաստված արքայությունը` հավիտենական հանգիստը: 
Թեև Տիրոջ թաղման հիշատակի օրը Ավագ Շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ Ուրբաթ երեկոյան: 
   Իսկ Ավագ Շաբաթ օրվա երեկոյան կատարվում է սուրբ Զատկի Ճրագալույցի արարողությունը` այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների Շաբաթը և ավետելով Նրա հարությունը մեռելներից: 
 

Նյութի աղբյուր`

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Քարոզչական Կենտրոն