Մեծ պահք կամ հոգևոր կիրակի

 1  Հայ եկեղեցու ծիսակարգի համաձայն` Բուն Բարեկենդանին հաջորդող երկուշաբթիից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն ունի յոթ կիրակի` Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Մեր եկեղեցու հայրերն այդ կիրակիները վերոնշյալ անուններով են կոչել` հիմք ընդունելով աստվածաշնչյան յոթ պատմություն: 

 

  Պահքը տևում է 40 օր` մինչև Ծաղկազարդի կիրակին, որին հաջորդում է մի շրջան ևս` Ավագ շաբաթը: Իսկ ինչու 40 օր: Քանի որ Աստված Ադամին ստեղծելուց քառասուն օր հետո դրախտում դրեց, այս պատճառով է սկիզբը քառասունից սկսվում: Քանզի [նաև] երբ սաղմը կնոջ մեջ է, քառասուն օր մանուկն իր մոր որովայնում անկենդան է, իսկ երբ քառասուն օրական է դառնում, այնժամ կենդանության հոգի է ընդունում. ահա [նաև] այս պատճառով է սկիզբը քառասունից : 

   Պահքի խորհուրդը սկսվել է դեռևս դրախտից, երբ Աստված ասաց.  «բարու և չարի գիտության ծառից մի կերեք» (Ծննդոց Բ. 17): Խախտելով այդ միակ պատվիրանը`Ադամն ու Եվան վտարվեցին այնտեղից: Բայց քանի դեռ Արարչի կողմից մարդկային սերունդը երկնային դրախտ վերադառնալու խոստումն ունի, այդ պատճառով անհրաժեշտ է նորից պահեցողություն, բայց այս անգամ զղջումով ու ապաշխարությամբ ու մեղքի դեմ պատերազմելով: Պահքի ու զղջման շնորհիվ իսպառ բնաջնջումից փրկվեցին Նինվե քաղաքի բնակիչները, իսկ հետո հրեա ժողովուրդը` Արտաշես թագավորի օրոք: 

  Եվ վերջապես, բոլորիս համար պահեցողության ամենաընտիր օրինակը հանդիսացավ մեր Տեր  Հիսուս Քրիստոսը, որը իր Ավետարանի քարոզությունները սկսելուց առաջ 40 օր անապատում ոչինչ չճաշակելով, հաղթող դուրս եկավ սատանայի փորձությունից: Պահոց այս շրջանում սահմանափակում է դրվում սննդի որոշ տեսակների վրա` հիմնականում կենդանական ծագում ունեցող: Այս շրջանում է, որ ամեն մեկը պիտի սովորի մեղքից հեռանալ ու մաքրվել: Պահոց շրջանը ամեն մի հավատացյալի համար մեղքի կրակոտ նետերից ազատվելու առիթ է նաև: 

  Պահքը երկու կերպ ունի` պահք մեղքից և պահք` մարմնական կերակուրներից: Կերակուրներից հրաժարվելը միշտ չէ, որ թելադրում է Աստվածաշունչն ու եկեղեցին, բայց պահքի ժամանակ մեղքից հրաժարվելը հրահանգվում է միշտ և ամեն ժամանակ: Աստված սուրբ է և պահանջում է, որ մարդն էլ սուրբ լինի, այսինքն մեղքից հեռու մնա (Ղևտ.ԺԱ 44) : Այս առումով էլ մեղքից ետ կանգնելը օգտակար է, անգամ, առանց կերակուրից հրաժարվելու, բայց կերակուրից հրաժարվելը` առանց մեղքից ետ կանգնելու, անօգուտ է: 

   Ինչ օգուտ, եթե մարմինը նիհարի պահքով, իսկ հոգին գիրանա մեղքով: Այդ երկուսը միասին պիտի ընթանան, իրար լրացնելով , որպեսզի բազում արդյունք բերեն: «Պահքով ու աղոթքով»,- ահա անհնարին թվացող մեղքերից ազատվելու բանալին: Մեզ համար սովորական դարձած մեղքերն են վտանգ ներկայացնում, քանի որ դրանց մեջ մնալը հաճախ մարդու համար հաճելի է ու ցանկալի: 

 Պահքը միայն կերակուր ուտել չուտել չէ, այլ մեղքերի խափանում: Մարմնի պահքը հոգու սնունդն է: Ինչպես անհնար է, որ կրակը այրվի ջրում, այնպես էլ պահեցողությունը առանց ապաշխարության: Ապաշխարությունը բժշկում է հոգիները: Ապաշխարություն նշանակում է մորմոքված սրտով աղոթք առ Աստված: 

      Նյութի աղբյուր՝Վարդան վարդապետ Այգեկցի, Խրատ բոլոր քահանաներին և ժողովրդին                                                                                                                                           www.qahana.am