Անառակի կիրակի

 1  Մեծ պահքի երկրորդ կիրակիից սկսած` դուրս ենք գալիս Հին  Կտակարանի շրջանակից ու մտնում Նոր Կտակարանի մթնոլորտ: Այս կիրակին և հաջորդող երկուսը իրենց անունները վերցնում են օրվա ավետարանական ընթերցվածի գլխավոր առակից: Գ կիրակի կարդացվող գլխավոր հատվածը Անառակ որդու առակն է: 
   Նոր Կտակարանի ամենաթանկագին գոհարներից է այս առակը: Այն իր մեջ խտացնում է Ավետարանի հիմնական ուսուցումները: Հիսուսի ուսուցման հիմնական կորիզը Աստծո հարությունը և Նրա անսահման սերն են , որոնք այնքան սրտագրավ եղանակով են պատկերված այս առակում: Սրանից զատ, ոչ միայն Հովհաննես Մկրտիչը, այլ նաև Հիսուսն   Իր քարոզությունն սկսեց մարդկանց ապաշխարանքի կանչելով:  Գաղափար, որն այս առակի կորիզն Է. «Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին` ապաշխարության» (Ղուկ.Ե 32) ,-Իր քարոզության սկզբում ասել է Հիսուսը : 
   Մեծ պահքի կենտրոնական նպատակը, մինչև իսկ գոյության պատճառը այս կիրակիի իմաստի և նրանից եկող թելադրանքի մեջ է: Նախորդ երկու կիրակիներով հիշատակված երկու վիճակները ` երջանկությունը և նրա կորուստը, կրկնվում են նաև այս առակում: Այս կիրակիի գաղափարը անկումից վերելքը, ընկած վիճակից վերականգնումը, կորստի գյուտն է: Անառակի առակը զույգ անառակների մասին է: Այն երկու անառակ եղբայրների պատմությունն է: Կրտսերի ելևէջող կյանքի դրվագի գրավչությունը ստվերի տակ է թողել ավագի վարքը, որը կրտսերի վարքի չափ եղերական, սակայն առանց նրա երջանիկ վախճանի է : 
Հիսուսի առակների մեծ մասը երկու մեկնաբանություն ունի: Մեկը ժամանակակից կամ «ավետարանական» կոչվածն է, իսկ մյուսը` հավերժական: Որևէ առակի «ավետարանական» իմաստը կապ ունի մի կողմից «Աստծո ընտրյալ ժողովուրդ» կոչված հրեա հավաքականության հետ , որի ծոցում ծնվեց Հիսուսը , որտեղ գործեց ու քարոզեց և ում կողմից, ի վերջո, Ավետարանը քարոզվեց, և որտեղ արմատավորվեց ու հաստատվեց քրիստոնեական Եկեղեցին: Իսկ «հավերժական» իմաստը պատշաճում է բոլոր դարերին, բոլոր ժողովուրդներին և բոլոր մարդկանց` անհատաբար կամ հավաքաբար: 
«Ավետարանական» իմաստով Անառակի առակի ավագ որդին հրեա ժողովուրդն է` դարերով Աստծուն «ծառայող» և Նրա պատվիրաններն իբրև օրենք ընդունող: Սակայն ինչպես առակում ավագ որդուն տեսնում ենք կյանքը գրեթե բրածոյի վերածած, սիրուց և մարդկայնությունից զրկված, այնպես էլ հին Իսրայելը քարացած էր օրինապահության և ծիսապաշտության մեջ, իրեն զրկել էր օրենքի ոգուց և կառչել նրա տառից: Նրա Աստվածը վրեժխնդիր էր, նրա օրենքը`«ակն ընդ ականը», նրա ընկերային բարոյականը` գողություն կամ շնություն չանելը , իր կրոնակցին սիրելը և իր թշնամուն և բոլոր հեթանոսներին ատելը: Իսկ կրտսեր որդին ներկայացնում էր հեթանոսությունը, որն իրեն Աստծո «տնից» ու օրենքից դուրս էր նետել և վատնվում էր հեթանոսական խորդուբորդ կյանքի ճանապարհներին: 
  Երկու որդիները ներկայացնում են ողջ մարդկությունը` իր երկու հիմնական բարոյական տեսակների մեջ: Մեկը սանձարձակ է, բայց իսպառ պարպված չէ սիրելու կարելիությունից, իսկ մյուսը մաքրակրոն է, բայց` աններող: Մեկն անիշխանական է, բայց զգաստանալու ընդունակ, մյուսն օրինապահ է, բայց` փարիսեցի: 
Կյանքում նման անհատնում երևույթներ կան, ուր բացորոշ երևան են գալիս տարբերությունը և հակասականությունը, որոնք առկա են մեր գործնական կյանքում ու ձևական հավատքում և այս հակասականությունը ավագ որդու հիմնական հատկանիշն է: Կրտսերը, հակառակ իր գրեթե ամբողջական քայքայման, ուշքի եկավ և զղջումով ու ապաշխարանքով, փյունիկի նման, մոխիրներից վերստին կյանքին տիրեց ու որդիական իր պատվին բարձրացավ: Ավագ որդու առակում հակառակ ընթացքն ենք նշմարում: Առակի երկրորդ մասի եզրակացությունը խորհրդավոր ու ահավոր կերպով բաց է թողնված, և սրանում են Ավետարանի գերագույն իմաստությունն ու իրապաշտությունը: Հաջորդ քայլը թողնված է մարդու կամեցողությանը. եթե ցանկանա, կմասնակցի խրախճանքին, եթե չցանկանա, իրեն կզրկի այդ ուրախությունից: 
 
   Արյան և սիրո կապերով զոդված հոգիներն իրար հետ հաղորդակցության մեջ մտնելու անտեսանելի և անբացատրելի կերպեր ունեն: Հայրը զգաց, որ այսօր իրեն մի բարի լուր է սպասում իր կորած զավակից: Իր ապարանքի վերնատան պատուհանի առջև նստած`աչքը գամել էր այն ճանապարհին, որտեղից մեկնել էր կրտսեր որդին: 
 
 Նյութի աղբյուր՝ Շնորհք Արքեպիսկոպոս Գալուստյան, Մեծ Պահքի Կիրակիների Ոսկե Շղթան