Տնտեսի կիրակի

1   Մեծ պահքի 4-րդ կիրակին նույնպես իր անունը ստացել է այդ օրը կարդացվող Անիրավ տնտեսի առակից:
  Այս առակը վիճաբանությունների առիթ է եղել, որովհետև կարծում էին, որ անիրավ ծառայի խարդախ արարքը չի կարող բարոյական դաս թելադրելու համար գործածվել: Բայց դա այդպես է թվում մակերեսային ընթերցման դեպքում: Այն չի նմանվում Բարի սամարացու կամ Անառակի առակներին, որոնցով թելադրվում է բարի գործ կատարել:Հուլիանոս կայսրը քրիստոնեական դաստիարակություն էր ստացել, բայց հեթանոս դարձավ, պատմության մեջ «ՈՒրացող» մականունը ստացավ:Նա այս առակը քրիստոնեության դեմ գործածեց` Հիսուսին ու նրա հետևորդներին ամբաստանելով իբրև խարդախության և անարդարության քաջալերողների:
 
 Տնտեսի առակով Հիսուսը մի օրինակ է բերում «աշխարհի որդիների» կյանքից` «լույսի որդիների» համար: Տնտեսը տիպիկ աշխարհի որդի է` ուշիմ, սառնարյուն, ամեն ինչ իր անձնական շահի համար կարող է օգտագործել: Նախ, չի քաշվում իր տրամադրության տակ եղած հարստությունը անձնական հաճույքների համար օգտագործել: Իսկ երբ անհավատարմությունը ջրի երես է ելնում, չի ընկճվում, անկարելին էլ է օգտագործում, որպեսզի ապահովի ֆիզիկական անվտանգությունը: Տնտեսի տերն էլ աշխարհի որդի է, հասկանում և գնահատում է ամեն ճարպկություն և աչքաբացություն, որը կիրառվում է դժվար պահերին: Հիսուսն ասում է. «Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի ,հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկ.ԺԶ ):
 
 Այս կիրակիի թելադրանքը նաև «անիրավ մամոնան», այսինքն` նյութական հարստությունը, խելքը, ժամանակը և ամբողջ խնայողությունները «հավիտենական հարկեր» գնելու համար է, երաշխիք է, որ «ճշմարիտ», այսինքն` Աստծո հոգևոր և հավիտենական շնորհները, կկարողանանք վայելել: Այս առակի իմաստը կարևոր է նաև նրանց համար, ովքեր թեև «հեռու չեն արքայությունից», բայց գաղջ քրիստոնյաներ լինելով` դեռ չեն մտել այնտեղ: Նրանք, ովքեր տարված են աշխարհիկ մեծ ու փոքր հոգսերով, չեն կարող հոգևոր գանձեր դիզել: Նրանց տրված է գոնե բարեգործություններով երկնքում բարեկամներ շահելու հնարավորությունը: 
 
 Յուրաքանչյուր բարեգործություն Աստծո աթոռի առջև ինքնին բարեխոս է նվիրատուի համար: Ինչպես ճարպիկ տնտեսն իր կյանքի «ամենակրիտիկական» պահն անգամ օգտագործեց ֆիզիկական գոյության ու ապահովության համար, նույնպես և մարդիկ անգամ մահվան անկողնում կարող են իրենց հավիտենական երջանկությունն ապահովել` նվիրատվությամբ` կցելով նաև մեծ կամ փոքր անիրավությունների համար անկեղծ զղջումը: 
 
  Եթե ինչ-որ ավազակ մահվան գալարումներում «դրախտը» ժառանգեց` պարզապես իր կողքի անմեղ Խաչակցի հանդեպ անմեղ համակրանք տածելով, Նրանում երկրի վրա Աստծո մարմնացումը ճանաչելով ու հայցելով նաև իրեն հիշել Նրա հավիտենական փառքի մեջ, նույնն անելու հնարավորությամբ օժտված է յուրաքանչյուր «ավազակ» եթե իր խիղճը, խելքը և ունեցածը գործածի: «Հավիտենական հարկերի» մեջ պայմաններից մեկն, ուրեմն, աշխարհիկ հարստության լավ տնօրինումն է, իսկ մյուսը` աղոթքը, որի մասին մեզ կհիշեցնի առաջիկա կիրակին: 
 
         Նյութի աղբյուր՝ Շնորհք Արքեպիսկոպոս Գալուստյան, Մեծ Պահքի Կիրակիների Ոսկե Շղթան