Դատավորի կիրակի

1  Աղոթքը երկրից երկինք սանդուղքն է, կյանքից ալեկոծված նավը խաղաղության նավահանգստին կապող պարանը: Աղոթքի գաղափարին է նվիրված Մեծ պահքի հինգերորդ կիրակին : 
  Աղոթքը կրոնի հոգին է, կյանքը:Կրոնն առանց աղոթքի աներևակայելի է, որովհետև կրոնի առարկան նույն Ինքը Աստված է և հոգևոր կյանքը, իսկ աղոթքն անպայման ենթադրում է իր դիմաց աներևուեթ հավիտենական էակին ունենալ, Ով Արարիչն է տիեզերքի և Տերը կյանքի: 
   Հոգևոր կյանքը և աղոթքը նույնն են, ինչպես ընտանեկան կյանքը և սերը: Առանց աղոթքի քրիստոնյան թռչուն է առանց թևի, ձուկ` առանց լողակի: 
Կա աղոթելու երկու ձև` հավաքական և առանձնական: Առանձնական աղոթքը կյանքի նավի` ծովի մեջ մխրճված մասն է, իսկ հավաքականը` ծովից վեր երևացող մասը: 
Այս կիրակիի առակը հետևյալն է : 

 Մի քաղաքում կար մի դատավոր, որը «ոչ Աստծուց էր վախենում, ոչ մարդկանցից ամաչում»: Եվ նույն քաղաքում կար մի այրի, աղքատ կին, որը անիրավության զոհ էր դարձել, այդ պատճառով էլ անեն օր գալիս էր դատավորի դուռը` նրա քարացած խիղճը արթնացնելու: Իսկ դատավորը սպասավորներին հրամայում էր վռնդել նրան: Սակայն կինը ուներ մի զենք, որը հարատևությունն էր: Եվ դատավորը, որ կարողանում էր ողջամտությունը իր անձի շահերի համար օգտագործել, ինքն իրեն ասաց . «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից էլ չեմ ամաչում», գոնե օձիքս այս փորձանքից ազատելու համար այրու դատը տեսնեմ, իր խնդրանքներով ինձ տաղտուկ չպատճառի: 
Ավելորդ է ասել, որ դատավորն Աստծուն չի ներկայացնում: Դատավորը, նախորդ կիրակիի առակում հիշված տնտեսի նման, «այս աշխարհի որդի է», ով գիտի իր գործերը անձնական շահերի համաձայն դասավորել: Ըստ այդմ, անիրավ դատավորը նախապատվություն տալիս էր «հուսալի» դատերին, որոնցից կարող էր դրամ մտնել նրա գրպանը: Նրա ձեռքում դատավորությունը մի միջոց էր դրամ շահելու և ոչ` արդարություն իրականացնելու: Այս առումով անիրավ դատավորը Աստծո հակադիրն է: 
  Այս առակը ցանկանում է ասել, որ եթե Աստծո հակադիրն անգամ ի վերջո զիջեց ինչ-որ այրու թախանձանքներին, Աստված , Ով բարության մարմնացումն է, չի՞ լսի ձեր աղոթքները: 
  Սակայն կյանքի դառը փորձառությունները տարբեր են առակների սփոփիչ թելադրանքներից: Իհարկե, կան բազմաթիվ երջանիկ հավատացյալներ, ովքեր այս կամ այն ձևով իրենց աղոթքների պատասխանը ստացել են: Սակայն, երևի չենք սխալվի, եթե ասենք, որ ավելի շատ է թիվը այն աղոթողների, ովքեր անպատասխան են մնացել` հակառակ իրենց խնդրանքի արդարության և բարոյական ու հոգևոր օգտակարության (ըստ իրենց անկեղծ համոզումի): Սա կրոնի և աղոթքի ամենադժվար լուծելի խնդիրներից մեկն է. ինչու՞ մեր աղոթքները երբեմն չեն «լսվում»: Աստված մեր աղոթքներին պատասխանելը հաճախ ուշացնում է, որպեսզի մեր առողջ ու բարի փափագներն ավելի զորանան մեր մեջ, իսկ անօգուտները և վատառողջները` մշուշի նման աղոտանան ու անհայտանան: Երբեմն էլ ուշացնում է` փորձելու համար մեր հարատևությունը և հավատքի ուժգնությունը: 
   Առակի բացահայտ թելադրանքը «չձանձրանալն» է: Առակի եզրակացնող մասի վերջին տողը կնքում է այդ կիրակիի խորհուրդը` մատնանշելով այն էական պայմանը, առանց որի աղոթքը երբեք իր նպատակին չի կարող ծառայել: Այդ էական պայմանը հավատքն է: 
Ցուցադրելու համար աղոթողների վարձը մարդկանցից գնահատվելն է : 
 
      Նյութի աղբյուր՝ Շնորք Արքեպիսկոպոս Գալուստյան
                   Մեծ Պահքի Կիրակիների Ոսկե Շղթան