Գալստյան կիրակի

1   Մեծ պահքի ոսկե կիրակիների շղթայի այս կիրակին նվիրված է Հիսուսի ոչ միայն երկրորդ, այլ նաև առաջին Գալստյանը: 
Ուրիշ եկեղեցիներ էլ ունեն «Գալստյան» անունով կիրակի, որը, սակայն, նրանց տոնացույցում այլ տեղում է դրված: Արևմտյան Եկեղեցու համար այդ օրն ընկնում է Ծննդյան տոնը կանխող չորրորդ կիրակիին, իսկ Օրթոդոքս Եկեղեցու համար` Ծննդից առաջ յոթերորդ կիրակիին, որը Ծննդից հիսուն օր առաջ էր գալիս: 

  Մեծ պահքի վերջին այս կիրակին «Գալստյան» կոչելով, եկեղեցին նախ հիշեցնում է Փրկչի Առաջին Գալուստը, այսինքն` մարդեղությունը, հավատացյալների մտքում թարմացնելու համար ավետարանական այն ճշմարտությունը, թե մարդու վերականգնումը հնարավոր եղավ Քրիստոսի Առաջին Գալստյամբ, երբ Նա զանազան տնօրինություններ կատարեց, որոնցով մարդու հոգու փրկության կարելիությունը ստեղծվեց: 
Հիսուսի Առաջին Գալուստը կատարվեց իբրև Ս. Գրքում խոստացված Մեսիայի հայտնություն: Եվ արդարև, այս կիրակիի ավետարանական ընթերցվածքն սկսվում է Հիսուսի մեսիական հանգամանքն հաստատելով: «Մեսիան» հին մարգարեների կողմից կանխատեսված և բոլորի կողմից ակնկալված Փրկիչն էր, Ով ըստ Ավետարանի և, հետևաբար, քրիստոնեական հավատի, աշխարհ եկել և մարմնացել էր Հիսուսի անձում («Մեսիա» բառի հունարենը «Քրիստոսն» է, որը թարգմանվում է «Օծյալ»): Կրոնական այս ճշմարտությունը Հիսուսն իր քարոզության սկզբնական շրջանում քողարկված պահեց, բայց վերջին շրջանում հարկավոր նկատեց խոսքով բացահայտել թե՛ աշակերտներին և թե՛ հրեա հանրությանը: 

     Որ քրիստոնեական Եկեղեցին հավատում է Քրիստոսի Երկրորդ Գալստյանը, այս մասին, նախ, տարակույսի ոչ մի նշույլ չի թողնված Ավետարաններում, ուր երկար հատվածներ կան, որոնցում պատկերավոր ձևով նկարագրվում է, թե ինչ հանգամանքներում պետք է տեղի ունենա այդ Գալուստը: Երկրորդ` Պողոսի և մյուս առաքյալների թղթերը լի են այս մասին ակնարկներով, ուսուցումներով ու հորդորներով: Ապա, վերջապես, այս հավատքը Եկեղեցին մտցրել է Հավատո Հանգանակ: 
    Նախնական Եկեղեցին հավատում էր, որ Հիսուսի երկրորդ Գալուստը շատ չպիտի ուշանա: Մինչև իսկ աշակերտները այնպես կարծեցին ,որ Հիսուսի երկրորդ Գալուստը Նրա Հարությամբ արդեն իսկ տեղի է ունեցել, ուստի հարցրեցին, երբ Նա իրենց հետ էր: «Տե՛ր, Մեսիական թագավորությունն ա՞յս ժամանակում պիտի վերահաստատես»: Հիսուսի պատասխանը ոչ միայն Նրան շրջապատող առաքյալների համար էր, այլ նաև բոլոր ժամանակների բոլոր քրիստոնյա սերունդների համար. «Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի. ոչ երկնքի հրեշտակները, ոչ էլ Մարդու Որդին (ակնարկելով Իրեն), այլ միայն Հայրը»:
 
    Հակառակ այս հստակ Հայտնությանը,բոլոր դարերում և բոլոր ժամանակներում գտնվել են մարդիկ և քրիստոնեական խմբակներ, որոնք ճշտել են Հիսուսի Երկրորդ Գալստյան օրը և թվականը: Օրինակ` փրկչական հազար թվականն այդպիսի եռուզեռի մի շրջան է եղել, և մարդիկ ահավոր անձկության են մատնվել Նրա վերադարձի ակնկալությամբ: 
19-րդ դարում մեջտեղ եկան հատկապես «Գալստական» (ադվենտիստ) կոչված աղանդավորները, ովքեր 1840-ական թվականներին տակնուվրա արեցին մարդկանց ներաշխարհը: Մինչև օրս էլ չի չորացել այս մարդկանց արմատը, ովքեր շեշտը դնում են Քրիստոսի Երկրորդ Գալստյան վրա և խղճահար հոգիներին պահում են հոգեկան տագնապի մեջ`շարունակ փողհարելով, թե «մոտ» է Տիրոջ Գալուստը: Սակայն ոչ ոք չի կարող իմանալ Նրա վերստին Գալստյան ստույգ թվականը: Ոչ ոք չի կարող իմանալ Քրիստոսի վերստին Գալստյան ստույգ թվականը: 
 
Նյութի աղբյուր՝ Շնորհք Արքեպիսկոպոս Գալուստյան, Մեծ Պահքի Կիրակիների Ոսկե Շղթան