Ծաղկազաարդ

 1  Երբ Հիսուսն իր աշակերտների հետ դուրս եկավ Երիքովից, երկու կույրեր, որոնք նստած էին ճանապարհին, իմանալով, որ Հիսուսն է անցնում, աղաղակեցին.«Ողորմի՛ր, մեզ, Հիսո՛ւս, Դավթի՛ որդի»(Մատթ. 20, 29-33): Հիսուսը, գթալով նրանց, բժշկեց ու շարունակեց Իր ճանապարհը: Մոտենալով Երուսաղեմին` նրանք եկան Բեթփագե և Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց այդ գյուղը`պատվիրելով այնտեղից բերել մի կապված էշ և նրա հետ` մի ավանակ: Հիսուսն ասաց նաև, որ եթե որևէ մեկն արգելի նրանց, ասեն, որ դրանք իրենց տիրոջը պետք են: Այդպես էլ եղավ: Փողոցում կապված էշն ու ավանակն արձակեցին և բերեցին Հիսուսի մոտ:
 
   Նրանց վրա իրենց զգեստները գցեցին, իսկ բազում մարդիկ, հանելով իրենց զգեստները, փռեցին ճանապարհի վրա, այն ճանապարհի, որտեղով պիտի անցներ Հիսուսը: Ժողովուրդն աղաղակում էր. «Օրհնությո~ւն Դավթի Որդուն, օրհնյա~լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո~ւն բարձունքներում»: 
   Հանդերձները էշի վրա գցելը ավազանի միջոցով մաքրվելն է խորհրդանշում, քանի որ մերկանալով մեր հին հանդերձից`նորն ենք հագնում, ինչպես ասվում է Մկրտության բանաձևում. «Որք ի Քրիստոս մկրտեցայք, զՔրիստոս զգեցեալ էք. Ալէլուիա»: Իսկ ճանապարհին հանդերձները փռելը Հիսուսին երկրպագելն է խորհրդանշում. մենք ճանապարհ ենք պատրաստում Նրա համար, մեր անձերը նվիրում Նրան: Մեր նախածնողները, զգեստի նմանությամբ, տերևով փորձեցին ծածկել իրենց մեղքը, իսկ այսօր մենք մերկանում ենք, խոստովանելով Նրա առաջ մեր մեղքերը և միայն այդ ճանապարհով ազատվում մեղքի անեծքից: 
Արմավենու ճյուղերը մեր ընծաներն են մեր Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Նրան ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող և մեզ կենդանություն պարգևող:

    Մեզանում ընդունված է արմավենու փոխարեն ուռենու ոստերն օրհնել Ծաղկազարդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք անպտուղ էին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը դարձյալ խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը, իսկ ոստի սնամեջ լինելը` հոգով աղքատությունն է, որն ունեցողներին երանի է տալիս մեր Տերը: 
Քրիստոսի հետևորդները պետք է դատարկ լինեն աշխարհի, մեղքի փարթամությունից, որպեսզի մաքուր սրտով կարողանան փառաբանել Տիրոջը` ասելով. 

Օվսաննա Բարձրյալին, 
օրհնյալ լինի Նա, 
Ով գալիս է Տիրոջ անունով: 
 
   Այդ օրը Սուրբ Պատարագի ընթացքում բոլոր Հայ Առաքելական Եկեղեցիներում կատարվում է նաև մանուկների օրհնության կարգ:
 
Նյութի աղբյուր՝ 
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Քարոզչական Կենտրոն