Ավագ Երեքշաբթի

1   Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Աստված զգալի (նյութական) ծառերի հետ միասին տնկեց նաև իմանալի (հոգևոր) ծառեր` արդարների ու սուրբ մարգարեների դասերը, ինչպես վկայում է Պողոսը. <<Աստված ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը>> (Եփես. 1.4.): 
    Ավագ երեքշաբթին նաև երրորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով` նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդ. 7-11): 
   Այսօր` Ավագ երեքշաբթի օրը, արարածների Արարիչը, մարդու կերպարանքով զգեստավորված, նստում է Ձիթենյաց լեռան վրա, այն օրինակն է վերին արքայության, և իր աշակերտներին պատմում Իր չարչարանքների, տաճարի ավերման, աշխարհի վախճանի, նեռի գալստյան, գործվելիք պղծությունների և Իր երկրորդ` հրաշափառ գալստըան մասին: Վերջում այս ամենն ամփոփվում է <<Տասը կույսերի>> առակով (Մատթ. 24-25, 13): 
   Տասը կույսերը խորհրդանշում են ամբողջ մարդկային ցեղը, իսկ նրանց լապտերների յուղը`  ողորմությունն ու մարդասիրությունը: Կույսերի ննջելը խորհրդանշում է բոլորիս ննջելը գերեզմանում, իսկ փեսային ընդառաջ ելնելը` հարությունը գերեզմանից: Իմաստուն կույսերը նրանք են, ովքեր անձի սրբությանը խառնեցին ողորմածությունը, հավատին` բարի գործերը: Իսկ հիմարները կուսության մեծ գործին խառնեցին ընչասիրությունը և ողորմության գործերից զուրկ գտնվեցին: 
 
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի
Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոն