Մանրանկարչություն

 
1  Հայկական մանրանկարչությունը սկզբնավորվել է հայ գրերի գյուտի ժամանակից (405թ.): Պահպանված հնագույն նմուշները վերաբերում են 6-7-րդ դարերին: Եվ չնայած 1512թ. տպագրվում է հայերեն առաջին գիրքը, բայց ձեռագիր մատյաններ շարունակել են ստեղծել ընդհուպ մինչև 19-րդ դարը:

 Գրեթե տասնհինգ հարյուրամյակ Հայաստանում զարգացել են գրչագրական արվեստը և մատենական գեղանկարչությունը: Ճիշտ է, առանձին գրչօջախներ տարբեր ժամանակներում ապրել են ստեղծագործական վերելքի և վայրէջքի շրջաններ, և առաջատար դերը փոխնիփոխ պատկանել է մերթ այս, մերթ մի այլ կենտրոնի, բայց ընդհանուր առմամբ ամեն մի դարաշրջան իր ավանդն է ներդրել ձեռագրերի ձևավորման արվեստի պատմության մեջ:

  Միջնադարյան Հայաստանի դպրոցներում ու համալսարաններում մեծ ուշադրություն էին դարձնում ոչ միայն զանազան գիտությունների ուսուցմանը, այլև այնպիսի մասնագետների պատրաստմանը, որոնք պետք է զբաղվեին ձեռագրեր ստեղծելու բարդ ու աշխատատար գործով:

1
  Դրա համար պահանջվում  էր միավորել տարբեր արհեստների տեր մարդկանց` գրիչների, նկարիչների, կազմարարների, ոսկերիչների, մագաղաթ, թուղթ, ներկեր, թանաք պատրաստողների և այլն: Սրանց մասին մանրամասնություններ են հաղորդում ձեռագրերի հիշատակարանները, որտեղ գրվում է, թե ով, երբ և ում պատվերուվ է ընդօրինակել ձեռագիրը: Հետաքրքիր տեղեկություններ կան նաև երկրի հասարակական և մշակութային  կյանքի տարբեր կողմերի, երբեմն էլ` միջնադարյան վարպետների աշխատանքային պայմանների  և հենց աշխատանքի ընթացքի, գրենական պիտույքների և շատ այլ բաների մասին:

   Հայտնի է, որ թանաքը և ներկերը հաճախ պատրաստել են հենց իրենք`գրիչները և նկարիչները, ընդ որում հայ վարպետներն այդ գործում հասել են բարձր կատարելության: Բազմերանգությամբ հարուստ տեղական ընտիր ներկերը հաստատուն կերպով դիմացել են ժամանակի փորձությանը և այսօր էլ իրենց հնչեղությամբ և թարմությամբ զարմացնում են դիտողին:

 

1  Ներկերը հիմնականում պատրաստում էին տեղական, հազվագյուտ դեպքում` ներմուծված հումքից: Հայտնի է, որ կարմիր ներկը հայերը ստանում էին կարմիր որդից (որդան կարմիր ): Այդ ներկը խիստ բազմերանգ էր և ուներ բարձր որակ, օգտագործվում էր թե գեղանկարչության մեջ և թե բուրդ, կաշի, ինչպես նաև գործվածքներ ներկելու համար:

   Հետաքրքիր տեղեկություններ են պահպանվել նաև գրիչ-գրչակոթների մասին, որոնք օգտագործել են ձեռագրեր գրողներն ու ընդօրինակողները: Փետուրե և եղեգնյա ձողիկներից բացի, եղել են նաև այնպիսինները, որոնք ծառայել են տևական գործածման համար: Դա ինքնահոսի նախնական մի տեսակ էր: Գրչակոթի ծայրը բնի հետ միացած էր դատարկ փուչիկով, որը լցվում էր թանաքով կամ ներկով:


   Ձեռագրերը հաճախ ընդօրինակվում էին նախագաղափար օրինակներից: Գրիչներն ընդօրինակում էին բնագրերը, նկարիչները վերարտադրում էին մանրանկարները: Տաղանդավոր վարպետները, սակայն,  ստեղծագործական մոտեցմամբ էին օգտվում նախատիպ նմուշներից` հիմնականում դրանք դիտելով որպես կոմնորոշման ուղեցույց:


1   Ահա թե ինչու, չնայած սահմանված կանոններին, նմարազարդված ձեռագրերը մեծ մասամբ իրենցից ներկաըացնում են արվեստի անկրկնելի ստեղծագործություններ, որոնք վկայում են միջնադարյան հայ մանրանկարիչ-արվեստագետների ստեղծագործական որոնումների և դրանց մարմնավորման բազմազանության մասին:

Տարբեր վարպետների ուժերի ու մտքի լարումով, դժվարությամբ ստեղծված մատյաններին հնում վերաբերվում էին մեծ խնամքով: Մատյանը կոչվում էր <<անգնահատելի գանձ>>, <<մարգարիտ>>, <<իմաստության աղբյուր>>, <<հոգու քաղցրություն>> և այլն: Պատերազմների և ասպատակությունների տարիներին դրանք թաքցնում էին, հետները տանում տարագրության, իսկ եթե թշնամիների ձեռքն էր ընկնում` ետ էին գնում մեծ փրկագնով:

     Նյութի աղբյուր` Հ. Հակոբյան, Է.Կորխմազյան,
                  <<Հայկական մանրանկարչություն>>
    

Մանրանկարչուհի՝ Լիանա Առաքելյան