Սուրբ Սարգիս

1  ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ, ՆՐԱ ՈՐԴԻ ՄԱՐՏԻՐՈՍԻ ԵՎ ՏԱՍՆՉՈՐՍ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՎԱՐՔԸ 
 
  Քրիստոսի քաջ զորական և վկա Ս. Սարգիսը Հայաստանին սահմանամերձ կապադովկյան Կեսարիայի կողմերից էր: Մեծն Տրդատի և մեծն Կոստանդիանոսի թագավորության օրերում (4-րդ դար), երբ քրիստոնեական հավատի լույսը տարածվեց ամբողջ աշխարհում, Կապադովկիայում Ս. Սարգիսն իր բարեպաշտ հավատով սկսեց շողալ իբրև լուսապայծառ աստղ: 
 
  Նա սիրում էր Աստծուն ամբողջ սրտով և Սուրբ Հոգով զորացած` ինչ ձեռնարկում էր, Աստված հաջողությամբ էր պսակում: Նրա արիության և առաջադիմության համար Կոստանդին կայսրը նրան շնորհեց ստրատեգության պատիվ (զորքի հրամանատարության պաշտոն): 
 
 Սուրբ Սարգիսը շրջում էր իր իշխանության տակ գտնվող քաղաքներում, գյուղերում և քարոզում իմաստության հոգով` հմուտ լինելով Հին և Նոր Կտակարաններին, որոնց ծանոթ էր մանկուց: Նա աչքի էր ընկնում մարդասիրությամբ և բարեպաշտությամբ: Օգնում էր բոլորին, ինչով կարողանում էր:
 
  361թ. Հռոմեական կայսրության գահն անցավ Հուլիանոս Ուրացողին, և սկսվեց մի սաստիկ հալածանք Քրիստոսի Եկեղեցու դեմ: Շատ քրիստոնյաներ նահատակվեցին, շատերն էլ փախան օտար երկրներ: Այդ ժամանակներում Ս. Սարգիսը ստիպված թողեց իր հայրենի ժառանգությունը, իշխանական ճոխությունը և անցավ հարևան քրիստոնյա երկիրը` Հայաստան: Հայաստանում մի փոքր մնալուց հետո Ս. Սարգիսն անցավ Պարսկաստան, որտեղ Շապուհ արքան մեծ պառքով ընդունեց նրան` նշանակելով մի քանի զորագնդերի հրամանատար: 
 
 Արդեն սկսվել էր Հուլիանոսի արշավանքը դեպի Պարսկաստան, և սուրբ Սարգիսը, աչքի ընկնելով իր ռազմական հաջողություններով, դարձավ Պարսից արքայի սիրելին: Սրբի քարոզություններով շատերը դարձի եկան, Քրիստոսի ճշմարիտ հավատն ընդունեցին: Սակայն գտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին չարախոսել Շապուհ արքայի առաջ, թե Սարգիսն ապստամբել է արքայի դեմ ու միբանվել հռոմեացիների հետ: Սա լսելով` արքան խռովվեց և մեծամեծների խորհրդով ելանելուն արքունիք կանչեց: Սուրբ Սարգիսը որդու` Մարտիրոսի և մի քանի զորականների հետ ճանապարհ ընկավ ու եկավ արքունիք:
 Որոշ ժամանակ անց` կուռքերի տոնին արքան հրամայեց ժողովրդին հավաքվել ատրուշանի առջև, որում վառվում էր կրակը, և որի վրա կանգնեցված էին տասներկու կուռքերի պատկերները: Հանդիսությանը ներկա էին նաև երանելին ու իր որդի Մարտիրոսը: Արքան հրամայեց, որ երանելին մտնի տաճար, զոհ մատուցի կրակին և խունկ ծխի կուռքերի առաջ: 
 
 Սուրբ Սարգիսը, Աստծուց համարձակություն ստացած, մերժեց այդ առաջարկը և պատասխանեց արքային, որ ինքը պաշտում է միմիայն ճշմարիտ արարիչ Աստծուն: Սա լսելով` արքան, զայրույթով լցված, հրամայեց նրան շղթայակապ անել և փողոցներով քարշ տալ: Ապա դարձյալ բերեցին երանելուն կուռքերի առաջ` ստիպելով երկրպագել նրանց, բայց նա օգնություն խնդրելով Աստծուց, խաչակնքվեց և ձեռքի շղթաներով հարվածեց ու փշրեց կուռքերի արձանները: Մոգերն ու հեթանոսները սա տեսնելով` հարձակվեցին Ս. Սարգսի և նրա որդու վրա ու սպանեցին Մարտիրոսին` Քրիստոսի վկային: Իսկ Ս. Սարգսին շղթայակապ բանտ տարան, ուր նրան բազմաթիվ խոշտանգումների ենթարկեցին: Բայց երանելին աղոթքով դիմում էր Աստծուն, զորանում, դիմանալով փորձություններին: Արքան տեսնելով, որ Ս. Սագիսն անդրդվելի է, հրաման տվեց նրան քաղաքից դուրս հանել և սպանել: 
 
 Երբ զինվորները նրան բերեցին կառափնարան, երանելին սկսեց ձեռնամած աղոթել, և երկնքից հրեշտակ իջավ նրա մոտ` ձեռքում պահած լուսապայծառ մի պսակ, ու զորացրեց երանելուն: Դահիճը թրով կտրեց նրա գլուխը, և այդ նույն պահին երկնքից լույս ծագեց նրա մարմնի վրա, ու լսվեց մի ձայն, որը երկինք էր հրավիրում Սրբին: Սա տեսնելով զինվորներից տասնչորսը հաստատվեց քրիստոնեական հավատի մեջ: Նրանք վերցնելով երանելու մարմինը` պատեցին մաքուր զգեստով` պատվով թաղելու համար: Արքան, իմանալով այդ մասին, հրամայեց այդ տասնչորս զինվորներին էլ նահատակել և նրանց մարմինները պղծել: Բայց երբ տեղեկացրին նրան, որ Հուլիանոսի զորքերը ներխուժել են և շատ մոտ են գտնվում, արքան թողեց Սրբերի մարմիններն ու գնաց պատերազմի: Եվ միայն գիշերով հավատացյալներից ոմանք եկան ու տարան նահատակների մարմիններն ու Մարտիրոսի մարմնի հետ պատվով թաղեցին:
 
 Սուրբ Սարգսի, նրա որդի Մարտիրոսի և տասնչորս զինվորների նահատակությունը տեղի ունեցավ 363թ. հունվարի 31-ին: Ավանդության համաձայն` հետագայում Ս. Մեսրոպ Մաշտոցը սրբի մարմինը տեղափոխեց Հայաստան` Կարբի, ուր եկեղեցի կառուցեց նրա անունով:

Ժողովրդական սովորույթի համաձայն` Ս.Սարգիսի տոնին նախորդող ուրբաթ օրը...
 
  Երեկոյան, երիտասարդներն ու օրիորդները աղի բլիթ են ուտում` հույսուվ, որ գիշերը երազում կհայտնվի իրենց կյանքի ապագա ընկերը` ամանով ջուր տալիս… Անշուշտ, աղի բլիթ ուտելու ավանդույթը Եկեղեցու ուսմունքի հետ ոչ մի կապ չունի, այլ ժողովրդական սովորույթ է միայն, ուստի աղի բլիթ ուտելու սովորույթի վրա հիմնված երազը պետք չէ համարել Աստծուց տրված և ճշմարիտ:
 
 Այստեղ Էականը աղոթքն է առ Աստված, մանավանդ` Ս. Սարգսի բարեխոսությամբ, ով, ինչպես ասվեց, հռչակված է իբրև երկնային արագահաս օգնական: Աստված, մանավանդ սրբի բարեխոսությամբ, իսկապես կարող է պատասխանել երիտասարդի կամ օրիորդի աղոթքին և ցույց տալ նրա կյանքի ապագա ընկերոջը: